21 հուլիսի 2004 - 21:32 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԵՆ 603 ԱՊՕՐԻՆԻ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏ
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանի պետական հարկային ծառայության (ՊՀԾ) աշխատակիցների կողմից բացահայտվել է առանց պետական գրանցման 603 տնտեսվարող սուբյեկտ: Ինչպես տեղեկացրել են «Արմինֆո» գործակալությանը ՊՀԾ-ում, դա համեմատած 2003 թվականի նույն ժամանակահատվածի 200 սուբյեկտով ավել է: Օրինազանցների նկատմամբ կիրառված տուգանքները կազմում են 60 մլն դրամ: Աղբյուրի համաձայն` նման արդյունք է ձեռքբերվել ի շնորհիվ վերջերս ստեղծված ծառայողական հետաքննությունների հանձնաժողովի գործունեության: Այսպես, 2004 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում անցկացվել է 25 ծառայողական հետաքննություն` անօրինական տնտեսվարող սուբյեկտներին բացահայտելու ուղղությամբ, որոնք ձեռներեցությամբ են զբաղվել հարկային աշխատակիցների հովանու ներքո: Արդյունքում, հարկային ծառայության 43 աշխատակից ենթարկվել են տարբեր տեսակի կարգապահական պատասխանատվության: