
Վաղը` հունիսի 4-ին, տեղի կունենա լուսնի մասնակի խավարում: Ինչպես հաղորդում է Հայկական աստղագիտական ընկերությունը, այս անգամ խավարումը կարող են դիտել Ավստրալիայից, արևելյան Ասիայից, Խաղաղ օվկիանոսից, Հյուսիսային և Հարավային Ամերիկաների արևմտյան ափերից: Խավարումը Հայաստանից չի դիտվելու:
Խավարման առավելագույն փուլում լուսնի մոտ մեկ երրորդ մասը կծածկվի Երկրի ստվերով և մթագնած տեսք կունենա: Այդ մասը կլուսավորվի միայն Երկրի մթնոլորտի կողմից բեկված արեգակի լույսով և կարմրավուն գույն կունենա, ինչը բավական գրավիչ տեսարան է: Խավարման կիսաստվերը կսկսվի Գրինվիչի ժամանակով ժամը 08:48:11-ին, կտևի 4 ժամ 30 րոպե 2 վայրկյան և կավարտվի 13:18:13-ին: Մասնակի խավարումը կսկսվի Գրինվիչի ժամանակով 09:59:53-ին, կտևի 2 ժամ 6 րոպե 35 վայրկյան և կավարտվի 12:06:28-ին: Առավելագույն փուլը կդիտվի 11:03:12-ին: Այս տարի դիտվում է լուսնի ընդամենը 2 խավարում. հաջորդը` նոյեմբերի 28-ի կիսաստվերային խավարումը, Հայաստանից դարձյալ չի դիտվելու:
Լուսնի խավարումը տեղի է ունենում, երբ լուսինը, իր ուղեծրով շարժվելով Երկրի շուրջ, հայտնվում է արեգակի նկատմամբ Երկրի հակադիր կողմում, և Երկրի ստվերը ծածկում է լուսինը: