26 հուլիսի 2004 - 22:03 AMT
ԹԲԻԼԻՍԻՅՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ
Հուլիսի 26-ին Թբիլիսիյում բացվել է տնտեսական համագործակցության հարցերի հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը: Նիստը բացել են Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան եւ պաշտոնական այցով Թբիլիսիյում գտնվող Հայաստանի կառավարության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: Ինչպես հաղորդել է լրագրողներին Ա.Մարգարյանը, ի թիվս այլ հարցերի նիստում քննարկվելու է Հայաստանը Ռուսաստանի հետ կապող Տրանսկովկասյան երկաթուղու աբխազական հատվածում երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը: Իր հերթին Զուրաբ Ժվանիան նշել է, որ այդ երկաթուղային հաղորդակցության բացումը կապված է վրացի փախստականների վերադարձի հետ Աբխազիայի Գալիի շրջան: Վարչապետները այցելել են Թբիլիսիի հայ գործիչների պանթեոն: Այսօր նախատեսվում է Անդրանիկ Մարգարյանի հանդիպումը Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլու հետ: