Արևմտյան փորձագետները The New York Times-ում հրապարակված «Հանգստացնել մոլեգնող Կովկասը» հոդվածում գրում են, որ Կովկասում առճակատման վտանգը սպառնալիք է ԱՄՆ և ԵՄ հետաքրքրությունների համար: Հեղինակների կարծիքով, իրավիճակի սրման ռիսկը մեծ է`դա և՛ ահաբեկչության վտանգն է Հյուսիսային Կովկասում, և՛ Աբխազիայի, Հարավային Օսեթիայի ռուսական շրջափակումը, և՛ ԼՂՀ համար հայ-ադրբեջանական հակամարտության վերսկսման`օրեցօր աճող վտանգը:
Բացի այդ, հոդվածում ընդգծվում է, որ լրացուցիչ գործոնը, որը բարդացնում է իրավիճակը, Վլադիմիր Պուտինի` Ռուսաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելն է: Պուտինը ձգտում է տարածաշրջանում Ռուսաստանը դարձնել ավելի ազդեցիկ ուժ` որպես ՆԱՏՕ-ի և ԵՄ հակկշիռ:
Որպեսզի Կովկասում ռիսկերը նվազեն, ԱՄՆ և ԵՄ պետք է ավելի կոշտ լինեն իրենց հայտարարություններում և գործողություններում: Հեղինակների կարծիքով, արևմտյան երկրները պետք է աջակցեն Վրաստանի անկախության պահպանմանը և դեմ հանդես գան նրա տարածքի 1/5 օկուպացմանը: Չպետք է թույլատրել նաև Կրեմլին ղեկավարել Վրաստանի միջոցով կասպյան էներգակիրների արտահանումը, կարծում են հեղինակները:
Վրաստանն էլ պետք է զգույշ լինի և Կովկասում հակառուսական տրամադրություններ չբորբոքի, ընդգծում են փորձագետները:
Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը` փորձագետներն ընդգծում են, որ ԵՄ և ԱՄՆ պետք է ետ պահեն Ալիևին` Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունները վերսկսելուց, որոնք սպառնում են ծայրահեղ բացասական հետևանքներով, այդ թվում` համընդհանուր-տարածաշրջանային պատերազմով: Պատերազմի արդյունքում կարող են տուժել ներդրումները, տնտեսական կլիման, էներգետիկ սեկտորը:
Ղարաբաղյան հակամարտությունը ավելի քան 20 տարի է լուծում չի ստացել` չնայած միջնորդների ջանքերի: Իրավիճակը պայթյունավտանգ է և կարող է ցանկացած պահի փոխվել, կարծում են հոդվածի հեղինակները: Ըստ նրանց, վտանգը մեծացնում է նաև այն, որ Ռուսաստանը Հայաստանին զենք է մատակարարում և ռազմական բազա է տեղակայել Գյումրիում: Ադրբեջանն ավելացնում է ռազմական պոտենցիալը, Թուրքիան Հայաստանի հետ սահմանները փակ է պահում:
Իր այցի ընթացքում պետքարտուղար Քլինթոնը պետք է տարածաշրջանի պետություններին հավաստիացնի, որ Արևմուտքը ակտիվորեն կփորձի կանխել առճակատումը և հակամարտությունները: