Այսօր` հունիսի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ UNICEF-ի հայաստանյան գրասենյակի և «Մաքուր ջուր» ընկերության հետ համատեղ համերգը: Այն նվիրված էր Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Համերգին հրավիրված էին ընկերության հաճախորդները:
Համերգին ելույթ ունեցավ UNICEF-ի մանկական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան):
Երկու կառույցներն իրան հետ համագործակցում են 2009 թ-ից սկսած, և «Մաքուր ջուր» ընկերությունը յուրաքանչյուր շիշ ջրի վաճառքից ստացած որոշակի գումար տրամադրում է UNICEF-ին, նորածինների վերակենդանացման բաժանմունքում համապատասխան սարքավորումներ գնելու նպատակով:
Ընկերության տնօրեն Վերոնիկա Բաղդասարյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցումնշեց. «UNICEF-ի հետ իրականացնում ենք «Հանուն նորածինների առողջությանը» ծրագիրը, կարգախոսն է «Միանանք հանուն երեխաների»: Ծրագրի իմասնտ այն է, որ ֆինանսավորում ենք, որ բուժսարքավորումներ գնվեն, որպեսզի նորածինների կյանքը փրկվի: Միացել ենք նաև UNICEF-ի «Երեխան պետք է ապրի տանը» ծրագրին, որպեսզի մանկատները փակվեն և որքան շուտ, այնքան լավ»:
UNICEF-ի հայաստանյան գրասենյակի տեղեկատվական ծրագրերի ղեկավար Էմիլ Սահակյանն էլ իր հերթին հավելեց. «Հայաստանում, ցավոք սրտի, նորածինների մահացության մակարդակը դեռ բարձր է, և շատ անգամ դա պայմանավորված է անհրաժեշտ սարքավորումների բացակայության պատճառով: Դրա համար այս ծրագիրը շատ կարևոր է մեզ համար, շուտով Վայոց Ձորի հիվանդանոցներից մեկին կտրամադրենք համապատասխան բուժսարքավորումներ»:
Գրասենյակն անցկացնում է համապատասխան մոնիթորինգ, և որոշում մարզերի հիվանդանոցը, որին տրամադրվում են համապատասխան սարքավորումներ:
Սահակյանի խոսքով մինչև 5 տարեկան երեխաների մահացության 80 տոկոսը բաժին է ընկնում մինչև 1 տարեկան երեխաներին: Բժշկական սարքավորումների բացակայության պատճառով մահացած երեխաների մասին վիճակագրական տվյալներ գրասենյակը չունի:
«Այս օրը շատ կարևոր է մեր բոլորի համար: Երեխան մեր կյանքի ամենակարևոր էակն է. նա է ամուր ընտանիքի և ամուր պետության հիմնասյունն ու շարժիչ ուժը: Ցավոք, այսօր բազմաթիվ երեխաներ մանկատներում են: Մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որ յուրաքանչյուր երեխա ապրի ընտանիքում և վայելի ընտանեկան սերն ու ջերմությունը:
Մեր պարտքն ու հաճելի պարտականությունն է սիրել ու փայփայել երեխաներին, ոչ միայն մեր երեխաներին այլ ցանկացած երեխայի ով ունի սիրո և քնքշանքի պակաս:
Ունենալով առողջ և կրթված սերունդ` մենք կունենանք ամուր և առողջ պետություն», իր ելույթում ասաց UNICEF-ի մտերիմ բարեկամ և մի շարք ծրագրերի աջակից, Հայաստանի հանրապետությունում Սլովակիայի հանրապետության պատվավոր հյուպատոս Գագիկ Մարտիրոսյանը: