6 հունիսի 2012 - 17:06 AMT
Սիրիայում ԵՄ առաքելությունը կշարունակի աշխատանքն այնքան ժամանակ, քանի դեռ դա հնարավոր է

Սիրիայում Եվրամիության դիվանագիտական առաքելությունը Դամասկոսում կաշխատի այնքան ժամանակ, «քանի դեռ դա հնարավոր է», չորեքշաբթի օրը հաղորդել է Եվրամիության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Կոսյանչիչի խոսքով, այսօրվա դրությամբ ԵՄ ներկայացուցիչները շարունակում են աշխատանքը Դամասկոսում: Համապատասխան հայտարարությունը նա կատարել է` մեկնաբանելով մի շարք եվրոպական պետությունների դեսպաններին Սիրիայից արտաքսելու` երկրի իշխանությունների որոշումը:

ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ Եվրամիության երկրների աջակցությամբ որոշվել է մնալ Դամասկոսում` հաշվի առնելով նաև սիրիական ընդդիմության խնդրանքն ու Սիրիայում կատարվող իրադարձությունների մասին հավաստի տեղեկատվություն ունենալու ԵՄ անհրաժեշտությունը:

Ավելի վաղ Սիրիան հայտարարել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Իսպանիայի դեսպաններին, ինչպես նաև Բելգիայի, Բուլղարիայի և Կանադայի հավատարմատարներին արտաքսելու մասին: