21 մարտի 2003 - 18:28 AMT
ՀՀ ԱԳՆ ԱՌԱՅԺՄ ԴԺՎԱՐԱՆՈՒՄ Է ԿԱՆԽԱՏԵՍԵԼ ՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԹԻՎԸ ԻՐԱՔԻՑ
Դժվար է առայժմ կանխատեսել Իրաքից հայ փախստականների թիվը, քանզի դա, հիմնականում, կախված կլինի այնտեղ ընթացող պատերազմական գործողությունների տեւողությունից եւ ակտիվությունից: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով` Իրաքում անցկացվող պատերազմական գործողությունների պատճառով, իրաքցի հայերին Հայաստանի աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը սահմանափակ է ինչպես գործնական, այնպես էլ քաղաքական առումով: «Մենք կարող ենք օգնություն ցուցաբերել մեր հայրենակիցներին միայն այն ժամանակ, երբ նրանք կգտնվեն Իրաքի սահմաններից դուրս»,- նշել է նախարարը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ կառավարության երեկվա նիստում ընդունվել է ԱԳՆ-ի կողմից ներկայացված որոշումը, ըստ որի, համապատասխան գերատեսչություններն արդեն պատրաստվում են այդ տարածաշրջանից փախստականների ընդունմանը: