«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն բանակցում է Ռուսական երկաթուղի ընկերության հետ, որպեսզի ՀՀ քաղաքացիները կարողանան ձեռք բերել տոմսեր ՌԴ տարածքում բոլոր ուղղություններով տեղաշարժվելու համար: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտնել ՀԿԵ ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսիսյանը: «Երևանի կայարանում տերմինալ տեղադրելու համար կպահանջվի 1,5 մլն դրամ, բացի այդ տոմսերի ձեռք բերման համար անհրաժեշտ ինտերնետ-կանալի ամսական վարձը կկազմի 100 հազար դրամ, սակայն մենք մտադիր ենք զեղչի հասնել Հայաստանի համար:
Հուսանք, որ 1-2 ամսում Երևանում հնարավոր կլինի ՌԵ տոմսեր գնել բոլոր ուղղություններով»,-ասել է նա: Ըստ նրա, նման առաջարկ ՀԿԵ-ն ստացել է ավտոբուսներով Ռուսաստանով ուղևորվող ուղևորներից:
Գագիկ Մովսիսյանը հավելել է նաև, որ այս պահին արդեն պայմանավորվածություն կա, որ Երևան-Բաթում գնացքի ուղևորները կարող են ձեռք բերել համալիր տարանցիկ փաթեթ, ուր մտնում է նաև շոգենավով ուղևորությունը դեպի Սոչի, ինչը 100-200 դոլար ավելի էժան կնստի, քան ավիատոմսը: «Նախորդ տարի մենք ունեինք շուրջ 20-30 հաճախորդ, հուսով ենք, որ այդ փորձը կշարունակվի նաև այս տարի»,-ասել է նա: