Հարավային Կովկասում և Միջին Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը մեկնաբանել է Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրադրության վատթարացումը` հայտնելով, որ Դաշինքը հետևում է հակամարտության գոտում կատարվող իրադարձություններին և մտահոգված է իրադրության վատթարացմամբ: Նրա խոսքով` ՆԱՏՕ-ն չի միջամտում կատարվող իրադարձություններին, սակայն օժանդակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին` հանդիսանալով կառույցի համանախագահ:
Ջեյմս Ապատուրայը հայտնել է, որ Դաշինքը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման կողմնակիցն է, և հույս է հայտնել, որ իրադրությունը կկայունանա: Նա ընդգծել է նաև, որ ՆԱՏՕ-ն հանդես է գալիս տարածաշրջանում իրադրության լարումը մեղմացնելու կողմից:
Հարավային Կովկասում և Միջին Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայն ու Վրաստանի փոխվարչապետ Գեորգի Բարամիձեն այսօր պաշտոնապես բացել են ՆԱՏՕ-ի շաբաթը: Նրանք նաև կհանդիպեն կառավարական և ոչ կառավարական կառույցների ներկայացուցիչների, փորձագետների, լրագրողների և դիվանագետների հետ: