13 հունիսի 2012 - 13:34 AMT
Հունիսի 15-ին Գաֆեսճյան կենտրոնում տեղի կունենա Մեծ Բրիտանիայի Թագուհու ծննդյան օրվան նվիրված հանդիսություն

Հունիսի 15-ին ժամը 19:00-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնի Խանջյան դահլիճում տեղի կունենա Մեծ Բրիտանիայի ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա հանդիսությունը:

Ամեն տարի հունիսին Երևանում Բրիտանական դեսպանատունը նշում է Միացյալ Թագավորության միապետի ծննդյան պաշտոնական օրը: Այս տարի այն նշանավորում է Թագուհի Եղիսաբեթ II-րդի գահակալության 60-ամյակը՝ Ադամանդե Հոբելյանը: Այդ առիթով հանդիսության պատվավոր հյուրն է լինելու Նորայր Մակարյանը, ով ներկա է եղել Լոնդոնում թագադրման պատմական իրադարձությանը: Նա միակ հայն էր 1200 սովետական նավաստիներից, ովքեր 1952 թվականին Սվերդլով հածանավից ողջունել են երիտասարդ Թագուհուն:

Տոնակատարության շրջանակներում կցուցադրվեն Եղիսաբեթ 2-րդի թագադրման և նավատորմի (այդ թվում նաև Սվերդլով հածանավի) հանդիսավոր երթի արխիվային կինոֆիլմերը:

Միջոցառման ընթացքում հյուրերը հնարավորություն կունենան նաև տեսնել թե ինչպես է ստեղծվում նկարիչ-դիզայներ Տաթև Մնացականյանի աշխատանքը՝ նվիրված Եղիսաբեթ II-րդի գահակալության 60-ամյա հոբելյանին:

Երևանի բնակիչները Ադամանդե Հոբելյանի տոնակատարությունից նույնպես անմասն չեն մնա. հունիս ամսվա բոլոր շաբաթ և կիրակի օրերին Թագուհու և նրա պահակախմբի զգեստով դերասաններ կշրջեն Երևանի այգիներում: Նրանք ներկա կգտնվեն նաև հունիսի 15-ին՝ Գաֆեսճյան արվեստի կենտրոնում անցկացվող հանդիսությանը, ասվում է Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հաղորդագրության մեջ:

Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ II-ը ծնվել է 1926թ. ապրիլի 21-ին: Նա գահ է բարձրացել 1952 թվականին, երբ ընդամենը 25 տարեկան էր։ Թագուհու ծննդյան պաշտոնական տոնակատարությունը նշվում է հունիսին, ընդ որում ամեն անգամ տարբեր օրեր՝ կախված եղանակից։