14 հունիսի 2012 - 12:04 AMT
Մատենադարանում բացվեց ոչ լատինական տառատեսակների խնդիրներին նվիրված համաժողովը

Այսօր` հունիսի 14-ին, Մատենադարանի գիտական նիստերի դահլիճում բացվեց ոչ լատինական տառատեսակների խնդիրներին նվիրված «Գրանշան» համաժողովը։ Այն կազմակերպվել է Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու և հայատառ առաջին տպագիր գրքի 500-ամյակի կապակցությամբ:

«Երբ հայտարարեցինք հայկական գրանշան տառատեսակների մրցույթը, մենք խնդիր ունեինք բարելավվել հայկական տառատեսակների հետ կապված խնդիրները: Բայց մրցույթը ցույց տվեց, որ նման խնդիրները կան նաև արաբական, հնդկական հունական և այլ ոչ լատինատառ այբուբեններ կիրառող լեզուների համար»- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Հայաստանի ազգային գրապալատի հայկական տառատեսակների մշակման և պահպանման պետ Էդիկ Ղաբուզյանը: Նրա խոսքով այս հարցում ոչ կարևոր խնդիր չկա: Բայց առավել կարևոր են Վինդոուս օպերացիոն համակարգում, բջջային հեռախոսներում հայկական որակյալ տառատեսակների ստեղծումն ու կիրառումը:

Ներկայացվեցին տառատեսակների Գրանշան 2008-2011թթ. միջազգային մրցույթների մրցանակակիր աշխատանքները: Հայ գրատպության կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալներով և պատվոգրերով պարգևատրվեցին մի շարք հայ և օտարազգի գիտնականներ: Համաժողովը շարունակվելու է մինչև հունիսի 16-ը:

Այսօր աշխարհում անցկացվող տառատեսակների մրցույթների ու համաժողովների շարքում հիմնականում գերակշռում են լատինական տառատեսակներին նվիրված գիտական հավաքներն ու քննարկումները, այն դեպքում, երբ մյուս այբբենական հա-մակարգերը մնում են ստվերում։ Մինչդեռ այսօր ավելի քան արդիական են հենց ոչ լատինական տառատեսակների խնդիրները։ Հենց այդ մտահոգությամբ ու այս բացը լրացնելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարությունը նախաձեռնել է Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների շրջանակում հատուկ մասնագիտական քննարկում` ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչների մասնակցությամբ: