Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ճապոնական «Սոկա Գակկայ Ինտերնեյշնլ» միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ, որոնք Երևանում են գտնվում Հայաստանի նկարիչների միության նախագահի հրավերով և ներկայացնելու են կազմակերպության նախագահ Դայսակու Իկեդայի ֆոտոցուցահանդեսը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Տարոն Մարգարյանն ընդգծել է հայ-ճապոնական համագործակցության ներկա բարձր մակարդակն ու որպես դրա վառ վկայություն հատկանշել է ՀՀ նախագահի պետական այցը Ճապոնիա և մասնավորապես «Սոկա Գակկայ» համալսարան:
Գնահատելով ասոցիացիայի գործունեությունն ուղղված նոր արժեքների ստեղծմանը` քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման համար: Նաև հավելել է, որ ճապոնական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում 2010 թվականից Երևանն անդամակցում է նաև «Քաղաքապետերը հանուն խաղաղության» կազմակերպությանը:
«Սոկա Գակկայ Ինտերնեյշնլի» գործադիր տնօրեն Քենջի Յոշիգոն ներկայացրել է ասոցիացիայի առաքելությունը և նշել, որ Դայսակու Իկեդայի ստեղծագործական անձնական ժառանգությունը շատ բազմազան է և ցուցադրվել է աշխարհի ավելի քան 130 քաղաքներում: Քենջի Յոշիգոն նաև ընդգծել է, որ երևանյան ցուցահանդեսի կազմակերպումը լավ հնարավորություն է հարաբերությունները զարգացնելու և խորացնելու համար: