15 հունիսի 2012 - 17:58 AMT
Է. Նալբանդյան. Հայ և բուլղար ժողովուրդները կապված են շուրջ հազարամյա պատմաքաղաքակրթական կապերով

Հունիսի 15-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Բուլղարիայի նորանշանակ դեսպան Գեորգի Կարաստամատովին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանի և Բուլղարիայի միջև քսան տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր փոխգործակցությունը դինամիկ զարգացում է ապրել և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր ուրույն ներդրումը կունենա բարեկամական փոխհարաբերությունների էլ ավելի ամրապնդման և ընդլայնման գործում: Խոսելով երկու ժողովուրդների բարեկամության մասին՝ Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց, որ հայ և բուլղար ժողովուրդների պատմական ճակատագրերը շատ նման են և նրանք կապված են շուրջ հազարամյա պատմաքաղաքակրթական խորը կապերով և միմյանց հանդեպ տածում են եղբայրական զգացումներ:

Դեսպան Կարաստամատովը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ հավաստիացրեց, որ առավելագույն ջանքեր կներդնի երկկողմ փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու և դրանում նորանոր ոլորտներ ներառելու համար:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ փոխգործակցության ընդլայնման, Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցության, առևտրատնտեսական, գիտակրթական և մշակութային հարաբերությունների խթանմանն առնչվող հարցեր: