«ՍԻՄԱ» դաշնամուրային տրիոն ԱՄՆ Նյու Ինգլանդի միջազգային կամերային համույթների մրցույթում արժանացել է առաջին մրցանակի և Ոսկե մեդալի: Այդ մասին ԱՄՆ-ից PanARMENIAN.Net ին է հայտնել տրիոյի դաշնակահարուհի Սոֆյա Մելիքյանը:
Սիմա տրիոն հիմնադրվել է Նյու Յորքում: Խմբի երաժիշտները` ջութակահար Սամի Մերդենյանը, թավջութակահար Անի Քալաջյանը և դաշնակահարուհի Սոֆյա Մելիքյանը սովորել են Դորոթի Դելեյի, Փիթեր Ունջյանի, Թիմոթի Էդդիի և այլ հայտնի ուսուցիչների մոտ և բազմաթիվ մրցույթների դափնեկիր են: Նրանց ելույթ են ունենում ինչպես միասին, այնպես էլ որպես մենակատար:
Եռյակը շեշտը դնում է մոռացված երաժշտության վրա, երաժշտասերներին ներկայացնում եզակի հին և նոր ստեղծագործություններ աշխարհի տարբեր անկյուններից:
«ՍԻՄԱ» տրիոն արժանացել է J.C. Arriaga կամերային երաժշտության մրցույթի երկրորդ մրցանակին, ելույթ է ունեցել ԱՄՆ մի շարք հեղինակավոր բեմերում: