
Բնապահպան, ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում ահազանգում է, որ կառուցապատում են Նոր Նորքի առաջին զանգվածի Գայի արձանի հարևանությամբ գտնվող այգին։ Իսկ թաղամասի բնակիչներն էլ հավաստիացնում են, որ այգում շինարարութուն է սկսվել ու ծածկված է այգու մարդաշատ հատվածը։
PanARMENIAN.Net-ի թղթակիցը քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանից տեղեկացավ, որ կառուցապատման աշխատանքներն այնտեղ օրինական են, քաղաքապետարանը տարեսկզբին թույլտվություն է տվել այդ հատվածում Ֆրիտյոֆ Նանսենի անվան հիմնադրամին կառուցելու Նանսենի անվան թանգարան։
«Քաղաքաշինական խորհրդում այդ հարցը քննարկվել է, ստացել է խորհրդի դրական եզրակացությունը, ճարտարապետների և բոլոր շահագրգիռ կողմերից որևէ առարկություն չի եղել, քանի որ այդ հատվածում Նանսենի անվան փողոցն է։ Այդտեղ լինելու է շատ փոքր թանգարան. մեծ կառույց չի լինելու, որ մտահոգության տեղիք տա, ավելին, եթե այնտեղ նմանատիպ կառույց լինի մշակութային բաղադրիչով ավելի շատ այցելունների կներգրավի ։ Տարածքը, բնականաբար, նաև կբարեկարգվի և կանաչապատումը ևս կարվի պատշաճ կերպով»,–ասաց Գևորգյանը։
Նրա համոզմամբ, թանգարանի կառուցման ժամանակ այգու որևէ կանաչ հատված չի վնասվի։