«Կենգուրու 2012» միջազգային մաթեմատիկական խաղ մրցույթն այս տարի հինգ հաղթող ունի: Այս մասին այսօր հայտարարեց ԿԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսին մրցույթի կազմակերպիչներից «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը:
Այս տարի մրցույթի բոլոր հաղթողները մարզերից են. նրանք են Կարմիր գյուղի թիվ 1 դպրոցի աշակերտուհի Աննա Գասպարյանը, Գյումրու «Պրոգրես» համլսարանի հենակետային վարժարանի աշակերտ Սերյոժա Դանիելյանը, Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի աշակերտ Տիգրան Կարախանյանը, Պտղնիի միջնակարգ դպրոցի աշակաերտ Եվա Հունանյանը, Մարտունու թիվ մեկ դպրոցի աշակերտուհի Էռնա Պետրոսյանը, ով էլ այս տարի Ֆրանսիայում կներկայացնի Հայաստանը «Կենգուրորի» միջազգային մրցույթում:
Դավիթ Սահակյանը նշեց, որ «Կենգուրուն» աշխարհում մաթեմատիկական ամենամեծ մրցույթ-շարժումն է, որին նույն օրերին մասնակցում են հիսուն երկրների վեց մլն երեխաներ .«Այս տարի մրցույթին մասնակցել է 35 -36 հազար աշակերտ ՀՀ և Արցախի 1000 դպրոցից: Մրցանակներ են ստացել 1201 երեխաներ, լավագույն մրցանակներ` 456 երեխա, մրցանակաբաշխություններն անցկացվել են ՀՀ և Արցախի 30 քաղաքներում»:
«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն խոսքով, մրցանակները խրախուսական են և թանկարժեք չեն, դա արված է այն նպատակով, որ բոլորը ստանան մրցանակներ, իսկ 5 hաղթողները այս տարի ստացել են նոթբուքեր: