18 հունիսի 2012 - 14:49 AMT
Թբիլիսիում բացվել է Գայանե Խաչատրյանի հիշատակին նվիրված ցուցահանդես

Հունիսի 15-ին Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվել է վիրահայ նկարչուհիների աշխատանքների ցուցահանդեսը: Այն նախաձեռնել էին Վրաստանի հայ նկարիչների միությունը, Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը՝ ՀՀ սպորտի, երիտասարդության և մշակույթի նախարարությունների աջակությամբ:

Ցուցահանդեսը նվիրված է վիրահայ տաղանդավոր նկարչուհի, վաղամեռիկ Գայանե Խաչատրյանի 70-ամյակին:

Ցուցահանդեսին ներկայացված 12 հայ նկարչուհիները, որոնցից շատերն անձամբ ծանոթ են եղել հայտնի գեղանկարչուհու հետ, այս ցուցահանդեսը համարում են յուրատեսակ խոնարհում իրենց ավագ ընկերոջ ու մեծ խորհրդատուի հիշատակի առջև:Դահլիճը, որտեղ հավաքվել էին նկարիչներ, արվեստագետներ, հայ և վրաց մտավորականության ներկայացուցիչներ, փառահեղ տեսք էր ստացել շնորհաշատ երիտասարդ նկարչուհիների վրձնած շուրջ 40 կտավներից: Բացելով ցուցահանդեսը, Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը խոսեց Գայանե Խաչատրյան մեծ նկարչի արվեստի յուրահատկությունների, նրա երևակայական և միստիկ աշխարհի անսահմանության մասին, ընդգծելով, որ արվեստի աշխարհում բոլոր ժամանակաշրջաններում սակավաթիվ, սակայն բարձրարժեք են եղել կին ստեղծագործողների վրձնած կտավները: Եվ ուրախալի է, որ վիրահայ համայնքն այսօր ցուցահանդեսին ներկայացրել է այնպիսի կին նկարիչների աշխատանքներ, ովքեր բազմիցս մասնակցելով տարբեր ցուցահանդեսների, դիտողի կողմից արժանացել են բարձր գնահատանքի և հիացմունքի, վկան՝ վերջերս Երևանում կայացած վիրահայ նկարիչների ցուցահանդեսն էր, որին մասնակցեցին թբիլիսահայ կին նկարչուհիներ Զուլեյկա Բաժբեուկ-Մելիկովան, Մարինա Խաչատուրովան և ուրիշներ:Ելույթ ունեցան դերասանուհի Մելանյա Բարսեղյանը,նկարիչներ Ջովաննի Վեփխվաձեն, Ռոման Սողոլաշվիլին և այլ հայտնի անձիք: Հայ կին նկարչուհիների ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 25-ը, հայտնում է «Հայարտունը»: