18 սեպտեմբերի 2004 - 19:36 AMT
ՅՈՒՐԻ ՄԵՐԶԼՅԱԿՈՎԸ ՀԵՐՔԵԼ Է ԲԱՔՎԻ ԶԼՄ-ՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆՐԱՆ ՎԵՐԱԳՐՎՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը հերքել է Բաքվի ԶԼՄ-ների կողմից իրեն վերագրված հայտարարությունը, իբրեւ թե արված սեպտեմբերի 16-ին Աստանայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ այն մասին, որ «նախագահների քննարմանը ներկայացված գաղափարները գտնվում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Այս մասին Յու. Մերզլյակովը հայտարարել է ի պատասխան ՌԴ-ում ՀՀ դեսպանության հարցմանը, տեղեկացրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նա նաեւ հերքել է իրեն վերագրվող հայտարարություններն այն մասին, որ «նախագահները քննարկել են Պրահայի բանակցություններում արծարծված հարցերը», ինչպես նաեւ որ «ներկայացված առաջարկներից մեկը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին հարող գրավյալ տարածքներից հայկական ուժերի դուրսբերմանը, այնտեղ բռնագաղթվածների վերադարձին եւ վերջիններիս անվտանգության երաշխավորմանը»: