19 հունիսի 2012 - 17:06 AMT
Տ. Մարգարյանը բարձր է գնահատել Հանս-Յոխեն Շմիդթի ավանդը հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի հետ:

Քաղաքապետը ողջունել և շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ–գերմանական հարաբերությունների զարգացման գործում ներդրած ջանքերի համար:

«Հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և հուսով եմ, որ Երևանի քաղաքապետարանը հետագայում ևս արդյունավետ կաշխատի ՀՀ–ում Գերմանիայի դեսպանության հետ»,-նշել է Տարոն Մարգարյանը՝ հաջողություններ մաղթելով դեսպանին իր հետագա գործունեության մեջ։

Կարևորելով գերմանական քաղաքների հետ երկկողմ հարաբերությունների հաստատումը` քաղաքապետը հատկանշել է, որ վերջերս Հալլե Զալլե քաղաքի քաղաքապետի Երևան կատարած այցելության ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հաստատման հետ կապված մի շարք ծրագրեր։

Հանս-Յոխեն Շմիդթը կիսելով իր տպավորությունները Երևանի և քաղաքային տնտեսության ենթակառուցվածքներում իրականացվող բարեփոխումների շուրջ` նկատել է, որ վերջին շրջանում ակտիվ աշխատաքներ են տարվում նաև մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման ուղղությամբ։

«Փոփոխությունների ու զարգացման փուլում գտնվող քաղաքի կառավարումը դժվար աշխատանք է։ Մաղթում եմ Ձեզ հաջողություններ աշխատանքում»,–նշել է դեսպանը։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Հանս-Յոխեն Շմիդթը զրուցել են նաև քաղաքապետարանի և գերմանական միջազգային համագործակցության «Համայնքային և տնտեսական զարգացումը Հայաստանում» ծրագրի շուրջ։