
Հայաստանի պատմության թանգարանում այսօր տեղի ունեցավ Սբ. Մեսրոպ Մաշտոցին նվիրված գեղաթերթիկի մարման պաշտոնական արարողությունը:
Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել «Հայփոստ» ՓԲԸ-ից` մարումն իրականացրել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Հայփոստի հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը և այլք:
Սբ. Մեսրոպ Մաշտոցին նվիրված գեղաթերթիկին պատկերված է Գրիգոր Խանջյանի հայտնի գոբելենը, որը ներկայումս պահվում է Մայր աթոռ Սբ. Էջմիածնում: Գեղաթերթիկի հեղինակն է Աշոտ Եղիազարյանը:
Ի թիվս այլ նամականիշերի, այս տարի կթողարկվեն «Հնագիտական գտածո» թեմայով նամականիշեր, որոնք նվիրված կլինեն Հայաստանում հայտնաբերված հնագույն կոշիկին, ինչպես նաև ավելի քան 5900 տարեկան կանացի ծղոտե փեշին: Կթողարկվեն Կոնյակագործության հիմնադրման 125-ամյակին, Լուսինե Զաքարյանի 75-ամյակին նվիրված և այլ նամականիշեր: