
Այսօր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունեց «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկման հզորացում» «Թվինինգ» երկամյա ծրագրի ղեկավար Ժեռար Ռոսսնիկի գլխավորած պատվիրակությանը: Ծրագիրը, որի իրականացնող երկրներն են Նիդեռլանդների Թագավորությունը, Դանիան և Լատվիան, նպատակ ունի հզորացնել սննդամթերքի անվտանգության համակարգը` կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության համակարգերի բարելավման միջոցով ԵՄ սանիտարական և բուսասանիտարական, ինչպես նաև միջազգային այլ ստանդարտներին համապատասխան:
Ողջունելով հյուրերին, նախարարը կարևորեց սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև բարձր գնահատեց ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկման հզորացում» «Թվինինգ» ծրագիրը: Նա նշեց, որ սույն ոլորտը ուղղակիորեն առնչվում է հանրապետությունում թողարկվող ագրոպարենային ապրանքների արտահանման և վերամշակվող արդյունաբերության զարգացման խթանմանը: Նախարարը անդրադարձավ նաև ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին:
Այս համատեքստում նա կարևորեց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կազմավորումը: Նշվեց նաև, որ ոլորտը Եվրամիության հետ խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցային գործընթացի մեկնարկի առաջնային գերակայություններից է:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, Ռոսսինկը համոզմունք հայտնեց, որ «Թվինինգ» ծրագիրը կնպաստի Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտի կարողությունների զարգացմանը: Երկու կողմերը պատրաստակամություն հայտնեցին ծրագրի իրականացման ընթացքին տրամադրել բազմակողմանի աջակցություն:
Հանդիպման ավարտին նախարարը հաջողություն մաղթեց վաղը Երևանում մեկնարկող «Թվինինգ» ծրագրին նվիրված կոնֆերանսի աշխատանքներին: