19 հունիսի 2012 - 22:13 AMT
ՀՀ ոստիկանություն. «Հարսնաքարի» միջադեպի հեղինակած անձը պատժվելու է օրենքի ողջ խստությամբ

«Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը հունիսի 19-ից շարունակվում է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում:

Ինչպես հայտնում է ՀՀ Ոստիկանությունը, դեպքին մասնակից անձանց ամբողջ շրջանակը ճշտվում է, հանգամանքները` որոշակիացվում են, կատարվել ու կատարվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները, այդ թվում և` ձերբակալություններ:

Ըստ ոստիկանության, իրավամբ հասարակական հնչողություն ստացած այս դեպքի կապակցությամբ ոստիկանությունը հայտարարում է, որ կարվի ամեն ինչ` քննությունն ամբողջական ու անաչառ անցկացնելու համար:

«Բայց զարմանալի է, որ անհիմն կասկածամտություն արտահայտվեց այս միջադեպի բացահայտնան վերաբերյալ:

Ոստիկանությունը հատկապես վերջին շրջանում օպերատիվ և իրավաչափ գործողությունների բազմաթիվ օրինակներ է տվել, ինչը շատ հստակ բանաձևել է ոստիկանության պետը` ոստիկանությունը գնում է ոչ թե անձերի, այլ երևույթների հետևից, և տվյալ դեպքում ոչինչ չի կարող և չի կաշկանդելու ոստիկանությանը:

Կատարվածով մտահոգ մեր համաքաղաքացիներին հավաստիացնում ենք. եթե կա երևույթը, այն հեղինակած անձը կամ անձինք պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:

Այս պարագայում անտեղի են նաև օրենքը շրջանցելու վերաբերյալ կասկածները: Ոստիկանության կողմից օրենքը կիրառվում է ուղիղ, ողջ ծավալով, բոլորի համար և` թափանցիկ:

Ոստիկանության համար սկզբունք է օրենքի առջև բոլորի հավասարությունը, բացառվում է օրենքի անունից օրինականության ոտնահարման հնարավորությունը, ամենաթողությունը, զոռբաների ու զոռբայության գոյությունը:

Նախաքննության ընթացքի և արդյունքների մասին պարբերաբար կտեղեկացվի հասարակությանը»,- նշված է Ոստիկանության հաղորդագրության մեջ: