
Պետք չէ Ռուբեն Հայրապետյանին մեղադրել իր աշխատակիցների կամ բարեկամների արարքների համար: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը` մեկնաբանելով վերջին օրերին «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած իրադարձությունները:
Ալեքսանյանի խոսքով` նա այս ամենը բացասական է գնահատում, բայց չի բացառում նաև, որ նույնը կարող էր իր հետ էլ կատարվել:
«Եթե նույնն ինձ հետ կատարվեր` դա նույնպես չէր նշանակի, որ մեղավորը ես եմ», - ասաց նա:
Ալեքսանյանի խոսքով` նա հեռախոսազրույց է ունեցել իր ընկերոջ` Ռուբեն Հայրապետյանի հետ, և վերջինս «շատ զայրացած է պատահածից»:
Ալեքսանյանն իր ռեստորանում` «Փարվանայում», արդեն իսկ աշխատանքներ է տարել աշխատակազմի և անվտանգության աշխատակիցների հետ, որպեսզի այնտեղ նման դեպքեր չկատարվեն: Ի դեպ, պատգամավորը նշել է նաև, որ մարդիկ հանգիստ կարող են գալ և «Փարվանա», և «Հարսնաքար», և «նրանց անվտանգությանը ոչինչ չի սպառնում»:
Աճառյան 29 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի է ենթարկվել ՊՆ կենտորանական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը և ևս 2 սպա: