22 հունիսի 2012 - 15:21 AMT
Ա. Ջավադյան. Հայաստանը բոլոր պայմանները ստեղծում է արտասահմանյան ֆինկառույցների աշխատանքի համար

Հայաստանի Կենտրոնական բանկը միշտ ազատական քաղաքականություն է վարել՝ օտարերկրյա կապիտալը երկիր նեգրավելու համար, որոնց մասնաբաժինը ազգային կապիտալում հասել է 80 տոկոսի: Այդ մասին հունիսի 22-ին Երևանում ասել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը` ելույթ ունենալով «Հայաստան գործարար համաժողով. Աճի ու միջազգային փորձի հնարավորություններ» համաժողովում: «ՀՀ ԿԲ-ն միշտ ողջունել է ֆինանսական շուկայի մասնակիցների համագործակցությունը օտարերկրացի գործընկերների հետ, ինչը շատ կարևոր է մեր դինամիկ զարգացող աշխարհում»,-ասել է նա գործարար համաժողովի առաջին «Հայաստանի տնտեսության և ներդրումային քաղաքականության մարտահրավերներն ու առաջնահերթ խնդիրները» թեմայով առաջին նիստի ժամանակ:

Այդ առիթով նա կարևորել է Առևտրի և զարգացման սևծովյան բանկի (ԱԶՍԲ) ծրագրերի իրագործումը, որոնք ուղղված են տնտեսության զարգացմանը: Եվ այստեղ որպես հուսալի գործընկեր, ըստ նրա, հանդես է գալիս Հայաստանի կայուն բանկային համակարգը: Նա հավելել է, որ չնայած նրան, որ ճգնաժամի ժամանակ բանկային համակարգը դրսևորեց իր կայունությունը, այնուամենայնիվ, համակարգի համար մարտահրավեր է ֆինանսական միջնորդության մակարդակը երկրի տնտեսության մեջ: «Այժմ ֆինանսական միջնորդության մակարդակը 54 տոկոս է»,-ասել է նա:

Իր հերթին ԱԶՍԲ նախագահ Անդրեյ Կոնդակովը նշել է, որ Հայաստանը որպես ընդունող երկիր կարող է լավ օրինակ ծառայել, որտեղ կայուն տնտեսական աճ է արձանագրվում հետճգնաժամային շրջանում, միանիշ գնաճ, կայուն արժույթ, լավ ֆինանսական կառավարում, ցածր պետպարտք:

ԱԶՍԲ ամենամյա տարեկան ժողովը տեղի կունենա հունիսի 24-ին: