22 հունիսի 2012 - 16:38 AMT
Երևանում տեղի կունենա ավտոմեքենաների Tuning Show

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան հայտարարում են «Tuning Show-2012» մրցույթ-ցուցահանդեսի անցկացման մասին: Միջոցառումը տեղի կունենա հունիսի 24-ին Երևանում` «Հաղթանակի այգու» տարածքում, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Ավտոսպորտի և մոտո-թյունինգի վարպետներն ու սիրահարները կմրցեն 6 անվանակարգում. լավագույն հնչողություն, լավագույն աէրոնկարչություն, լավագույն թափք, լավագույն սրահ,լավագույն Moto-tuning, լավագույն Deep tuning: Շոու-ծրագրի հյուրերի համար կանցկացվի ավտոմեքենայի լավագույն լուսանկար մրցույթ:

«Tuning Show-2012» մրցույթ-ցուցահանդեսին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Մրցակիցները կարող են գրանցվել մինչև հունիսի 23-ը ներառյալ` զանգահարելով էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիա 010 228085 հեռախոսահամարով:

«Նախատեսված շոու-ծրագրը և ավտոմեքենաների Tuning Show մրցույթը «ԱրմենՏել» ընկերության և էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի համագործակցության ևս մեկ օրինակ է: Ուրախ ենք, որ դարձանք Հայաստանում առաջին անգամ անցկացվող պաշտոնական Tuning Show-ի հովանավորը, և հուսով ենք, որ այն կկրի մասսայական բնույթ, քանի որ յուրաքանչյուր ցանկացող կարող է մասնակցության հայտ ներկայացնել կամ այցելել հետաքրքիր և գունեղ միջոցառմանը ընտանիքի և ընկերների հետ միասին», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանն իր հերթին նշեց, - «Մենք մեծ նշանակություն ենք տալիս նման միջոցառումների անցկացմանը, քանի որ այստեղ կարելի է գնահատել ավտոմեքենաների ձևավորման վարպետությունը: Վարպետությունն այս դեպքում արտահայտվում է ինչպես մեքենայի տեխնիկական հագեցվածության և ձայնային համակարգի, այնպես էլ արտաքին տեսքի կատարելագործմամբ: Այս մրցույթի նպատակն է ցույց տալ ավտոմեքենաների ձևավորման գործում հայ վարպետների տաղանդը, և վստահ ենք, որ մոտ ապագայում մենք կարող ենք հանդես գալ նաև միջազգային մրցույթներում»:

Ավտոմեքենաների Tuning Show-ին ակնկալվում է Հայաստանից և Վրաստանից շուրջ 50 ավտոմեքենաների և մոտոցիկլետների մասնակցություն: Միջոցառումը կազմակերպել էէքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան` «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ: Միջոցառման անցկացմանն աջակցում են նաև Յունիբանկը, Flash, Apaven և NakOil ընկերությունները: