29 սեպտեմբերի 2004 - 00:23 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄՆ ԻՐ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՐԵԼ Է ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Ադրբեջանական կողմը ոչ միայն խուսափում է Լեռնային Ղարաբաղի հետ ցանկացած շփումից, այլեւ ամբողջովին կենտրոնացել է հակահայկական քարոզչության վրա, ինչը չափազանց բարդացնում է հակամարտող կողմերի մերձեցման գործընթացը: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Աշոտ Ղուլյանը բրիտնական «Հաշտության ռեսուրսներ» ոչ կառավարական կազմակերպության Կովկասի ծրագրի տնօրեն Ջոնաթան Քոհենի հետ հանդիպման ընթացքում: Ինչպես տեղեկացրել է «Արմինֆո» գործակալությունը, Ջ.Քոհենը նշել է, որ «Հաշտության ռեսուրսներ» կազմակերպությունը ԶԼՄ-ների միջոցով տարածաշրջանում իրագործում է ծրագրեր, որոնք նպատակաուղղված են հակամարտություններում ներքաշված ժողովուրդների միջեւ փոխվստահության մթնոլորտի ստեղծմանը: Նա նաեւ հույս է հայտնել, որ նախագծի իրացումը կօգնի մեղմել լարվածությունը ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ: