ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահ Ֆրենկ Փալոունը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի ու Արցախի դեմ: Նա մտահոգություն է հայտնել այն հանգամանքով, որ ադրբեջանական բանակը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը և հիասթափություն այն փաստով, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը չի դատապարտում ադրբեջանական սադրանքները Հայաստանի հետ սահմանին, ինչպես նաև Ադրբեջանի ու Արցախի ԶՈւ շփման գծում:
Անդրադառնալով հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ կոնգրեսական Փալոունը հայտարարել է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները չեն նպաստում ղարաբաղյան խնդրի լուծմանը և խարխլում են ԵԱՀԿ ՄԽ միջնորդական ջանքերը:
Վերջին շաբաթներին ադրբեջանական ստորաբաժանումները ոչ միայն մշտապես խախտում են հրադադարի ռեժիմը, այլ նաև սադրանքներ ու դիվերսիոն միջոցառումներ են կազմակերպում Հայաստանի հետ սահմանին և Արցախի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունները զոհերի են հանգեցնում երկու կողմերից, ընդ որում իր զոհվածների մասին տեղեկությունը ադրբեջանական կողմը խնամքով թաքցնում է՝ նրանց մահը բացատրելով տարբեր պատճառներով: