Շոտլանդիայում անկախության հնարավորության վերաբերյալ հանրաքվեի նախաշեմին սկսվում է «Ավելի լավ է միասին» կարգախոսով քարոզարշավը, որի նպատակն է շոտլանդացիներին համոզել մնալ Մեծ Բրիտանիայի կազմում:
Քարոզարշավի, որին օժանդակում են լեյբորիստական, պահպանողական և լիբերալ-դեմոկրատական կուսակցությունները, քարոզարշավի մեկնարկի մասին պաշտոնապես հայտարարել է նախկին ֆինանսների նախարար, Էդինբուրգից բրիտանական խորհրդարանի անդամ Ալիսթեր Դարլինգը:
Նրա խոսքով` եթե Շոտլանդիան դուրս գա Մեծ Բրիտանիայի կազմից, «հետդարձի ճանապարհ չի լինի»: Ալիսթեր Դարլինգը նաև ասում է, որ անկախությունը նման է «միակողմանի տոմսի գնման, որով մեր երեխաներին ուղարկում ենք անհայտ ուղղությամբ»:
Նա վստահ է, որ Շոտլանդիան միայն կշահի` ունենալով սեփական խորհրդարան Էդինբուրգում և դրա հետ մեկտեղ մնալով Միացյալ Թագավորության բաղկացուցիչ մասը:
Շոտլանդիայի կառավարությունը մտադիր է անկախության հանրաքվե անցկացնել 2014թ. աշնանը: Քարոզարշավն ի օժանդակություն այդ գաղափարի մեկնարկեց մայիսին` «Այո, Շոտլանդիա» կարգախոսով: