
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ կալանավորվածներից մեկը` Դավիթ Հայրյանն ազատ է արձակվել: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Նրա խոսքով` տուժողները չեն ճանաչել Դավիթ Հայրյանին, ուստի նա ազատ է արձակվել քրեական օրենսգրքի համապատասխան կետով:
Աճառյան 29 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի են ենթարկվել ՊՆ կենտորանական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը և ՊՆ ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը:
Այս պահին գործի կապակցությամբ ձերբակալված է վեց հոգի. Դավիթ Ադամյանը, Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը և Նորայր Հայրապետյանը: