
Եվրոպական միության Արտաքին հարաբերությունների խորհուրդն այսօր ընդունել է Մարդու իրավունքների և ժողովրդավարության ռազմավարական փաստաթուղթն ու այն իրականացնելու գործողությունների ծրագիրը: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության մամուլի ծառայության հաղորդմամբ, առաջին անգամ է, որ Եվրոպական միությունն ընդունում է միասնական ռազմավարական փաստաթուղթ այս կենսական կարևորության քաղաքակության վերաբերյալ՝ իրականացման նմանօրինակ ընդգրկուն գործողությունների ծրագրով:
«Մարդու իրավունքներն ինձ համար հատուկ կարևորություն ունեցող ուղղություններից մեկն է, որն առկա է արտաքին հարաբերությունների բնագավառում մեր կողմից իրականացվող բոլոր գործողություններում: Այս ընդգրկուն փաթեթի ըդունմամբ` մենք ցանկանում ենք բարձրացնել ԵՄ-ի մարդու իրավունքների քաղաքականության արդյունավետությունն ու տեսանելիությունը:
Փաստաթուղթն ու Գործողությունների ծրագիրը իրականացնելու նպատակով նաև առաջարկել եմ նշանակել մարդու իրավունքների ԵՄ հատուկ ներկայացուցիչ, ակնկալում եմ շուտափույթ նշանակում»,-փաթեթի ընդունումից հետո ասել է Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը:
Փաստաթուղթը սահմանում է սկզբունքներ, նպատակներ և առաջնահերթություններ, որոնք մշակվել են` բարելավելու ԵՄ քաղաքականության արդյունավետութունն ու հետևողականությունը և այն դարձնելու մի համահունչ քաղաքականություն առաջիկա տաս տարիների ընթացքում: Դրանք ներկայացնում են միահամուռ հիմք ԵՄ անդամ-պետությունների և ԵՄ հաստատությունների կողմից հիրավ հավաքական ջանքեր իականացնելու համար: Ռազմավարական փաստաթուղթը նաև խրախուսում է քաղաքացիական հասարակության հետ իրական համագործակցության հանձնառություն: Փաստաթուղթը նախագծված է լինելու ընթեռնելի և հանրամատչելի:
Ռազմավարական փաստաթղթի հիմնական ենթակետերն են.
– Մարդու իրավունքները ԵՄ քաղաքականության ներքո – Մարդու իրավունքների համընդհանրության խթանում – Հետևողական նպատակների հանձնառում – Մարդու իրավունքները ԵՄ արտաքին քաղաքականության բոլոր ուղղություններում – Մարդու իրավունքների բնագավառում ԵՄ առաջնահերթությունների իրականացում – Երկկողմ գործունեություն – Գործունեություն բազմակողմ հաստատությունների ներքո – ԵՄ միասնական գործունեություն
Ռազմավարական փաստաթղթի հիմքում ընկած է «Մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը ԵՄ արտաքին քաղաքականության գործողությունների կենտրոնում` ավելի արդյունավետ մոտեցում» խորագրով համատեղ հաղորդագրությունը:
Այն ընդունվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից 2011թ.-ի դեկտեմբերին՝ Քեթրին Էշթոնի առաջարկությամբ: Այն իր հերթին հանդիսանում է դեռևս 2010թ.-ի մարտին Կորդոբայի Գյումնիխ քաղաքում տեղի ունեցած ԵՄ արտգործնախարարների ոչ-պաշտոնական հանդիպման ժամանակ մեկնարկած երկարատև խորհրդակցությունների արդյունք:
ԵՄ Մարդու իրավունքների և ժողովրդավարության գործողությունների ծրագիրը բաղկացած է 36 գլխից, ներառելով 97 միջոցառում, որոնք մշակվել են ԵԱԳԾ խորհրդակցությունների ընթացքում Եվրոպական հանձնաժողովի ու ԵՄ անդամ երկրների մասնակցությամբ` կիսելով իրականացման պատասխանատվությունը: Ոչ-պաշտոնական խորհրդակցություններ են տեղի ունեցել նաև եվրոպական խորհրդարանի պատգամավորների և ՀԿ-ների հետ: Գործողությունների ծրագիրը նախատեսված է մինչև 2014 թ.-ի դեկտեմբերի 31-ը:
Գործողությունների ծրագրի պահանջներից մեկը այն է, որ ԵՄ-ն իր տարեկան զեկույցում պետք է ներկայացնի մարդու իրավունքերի ու ժողովրդավարության վերաբերյալ իր առաջընթացը նպատակների իրականացման հարցում: Սա հնարավորություն կընձեռի ԵՄ քաղաքականության բոլոր համախոհներին, այդ թվում քաղաքացիական հասարակությանը, գնահատել ԵՄ գործողությունների ծրագրի ազդեցությունը և նպաստել հետագա առաջնահերթությունների սահմանմանը: