26 հունիսի 2012 - 13:39 AMT
Սևանում բացվելիք նոր հանրային լողափների համար ԱԻՆ–ը բավականաչափ փրկարարներ չունի

ՀՀ Նախագահի հանձնարարականով Սևանում այս տարի կստեղծվի 5 լրացուցիչ լողափեր` Սևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում, Դրախտիկ, Լճաշեն, Ծովազարդ, Նորատուս համայնքին հարակից տարածքներում: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր այս մասին հայտարարեց Հայաստանի ԱԻՆ ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատար Սամվել Մկրտչյան` նշելով, սակայն, որ նոր լողափերի համար փրկարարները մարդկային ռեսուրսներ չունեն։

Մկրտչյանը տեղեկացրեց, որ հունիսի 1–ից Սևանում պաշտոնապես բացվել է հանգստի սեզոնը, փրկարարական բոլոր համապատասխան միջոցառումներն իրականացված են։ «Հանրային լողափերում տեղադրվել են երկու նոր աշտարակներ։

Նրանցից երկուսում 24 ժամյա փրկարարական ծառայություն կա»,–ասաց ԱԻՆ ներկայացուցիչը` տեղեկացնելով նաև, որ ջրափրկարարական հատուկ ջոկատի աշխատակցիները Սևանի 200–ից ավելի լողափներից միայն 19–ին են սպասարկում։ Մյուս լողափերի սեփականատերերն ինքնուրույն են լուծում փրկարարներ ունենալու խնդիրը։

Սամվել Մկրտչյանն ասաց նաև, որ նոր օրենքի համաձայն` յուրաքանչյուր լողափ պետք է ունենա իր ջրափրկարարական ծառայությունը և բուժկետը։ Ծառայությունը ներկայումս ունի 30 աշխատակից, սակայն նախատեսում է այն համալրել` դարձնելով 46–ը։ Ջրափրկարարական ծառայությունը շուտով կունենա նաև նոր համազգեստ։