26 հունիսի 2012 - 15:39 AMT
Հայաստանի ազգային փոքրամասնությունների միջև շախմատի առաջնություն կանցկացվի

Հայաստանում ռուսական համայնքը և ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող «Հայասա» երիտասարդական հասարակական կազմակերպությունը համատեղ կազմակերպում են «Ինտելեկտը հավասարության մեջ» խորագրով շախմատի առաջնություն ազգային փոքրամասնությունների միջև: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին այսօր տեղեկացրեցին ռուսական համայնքի նախագահ Յուրի Յակովենկոն և «Հայասայի» նախագահ Սուրեն Մկրտչյանը։

«Հաշվի առնելով, որ ԱՊՀ երկրներում այս տարի առողջ ապրելակերպի տարի է, որոշեցինք մրցույթի համար ընտրել սպորտային ուղղվածությունը, տվյալ պարագայում ` շախմատը»,- ասաց Հայաստանում ռուսական համայնքի ղեկավար Յուրի Յակովենկոն:

Երկու օր` հունիսի 30-ից հուլիսի 1-ը, տևող մրցաշարին կմասնակցեն Հայաստանում գրանցված բոլոր ազգային փոքրամասնությունները։ Խաղը կանցկացվի 3 տարիքային խմբերի միջև` 8-14, 15-18, 19-22:

«Հայասա» կազմակերպության նախագահ Սուրեն Մկրտչյանն էլ նշեց, որ բացի շախմատի առաջնությունից, կկազմակերպվի նաև վոլեյբոլի առաջնություն Սևանում:

«Նմանատիպ միջոցառումները կամուրջներ են հանդիսանում Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար, որոնք ծանոթանալով իրար հետ էլ ավելի են ամրացնում բարեկամական կապերը բոլոր ազգային փոքրամասնությունների միջև»,- ընդգծեց նա: