27 հունիսի 2012 - 12:23 AMT
ՀՀ ՊՆ. Ադրբեջանական կողմը երեկ և գիշերվա ընթացքում խախտել է հրադադարի ռեժիմը

Երեկ` երեքշաբթի օրը, և այսօր` գիշերվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գծում ադրբեջանցիների կողմից արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտումներ: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Կոնկրետ տեղեր, որտեղ հրադադարի ռեժիմը խախտվել է, չենք կարող նշել», - ասացին վարչությունում:

Այսօր ադրբեջանական մամուլը Ադրբեջանի ՊՆ-ից ստացած տեղեկատվություն էր տարածել, համաձայն որի հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը մի քանի սահմանային գյուղերում` Նոյեմբերյանի Բերդավան և Բարեկամավան գյուղերում, Իջեվանի Բերքաբերում, Բերդի շրջանում, ինչպես նաև Ղարաբաղի մերձակա տարածքների որոշ հատվածներում:

ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

«Երբ ադրբեջանական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը, այդ ժամանակ մենք էլ ենք համապատասխան գործողությունների դիմում», - ասացին վարչությունում:

Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: