Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցին մոտ ժամանակներս կվերանորոգվի: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպս. Միրզախանյանը: Նրա խոսքով արդեն պատրաստ է վերանորոգման նախագիծը, կլինի նաև ֆինանսավորում:
Միրզախանյանի խոսքով, պատրաստ է նաև Սուրբ Նշան եկեղեցու վերականգնման նախագիծը, և ֆինանսավորում, հավանաբար, նույնպես կլինի:
Միրզախանյանը նշեց, որ Վրաստանի տարածքում կա 40 գործող եկեղեցի 18 հոգևորականներով, և 300 չգործող եկեղեցիներ:
Սրբազանը ուրախությամբ հայտնեց, որ Ջավախքում, Ջիվանու ծննդավայր Կարծախ գյուղում հուլիսի 14-ին կօծվի եկեղեցի:
Առաջնորդը նաև նշեց, որ վերջապես Վիրահայոց թեմը Վրաստանում ստացել է կարգավիճակ, ինչը թույլ է տալիս իրենց կողմից բացել տարբեր հաստատություններ: Բացի այդ, կարգավիճակ ստանալով, նրանք սկսելու են պահանջել վրացականացված հայկական եկեղեցիները: Դա, ըստ առաջնորդի, կլինի բարդ և երկար գործընթաց: