«Նոր Նորքում գտնվող Նանսենի անվան այգում թանգարան կառուցելը անհեռատես մոտեցում է, սա կանաչ տարածքները զավթելու հատուկ քաղաքականություն է»,- այգում Նանսենի թանգարան կառուցելու վերաբերյալ նման մոտեցում ունի Նոր Նորքի բնակիչ Աննա Շահնազարյանը, ով այսօր մասնակցում էր քաղաքապետարանի առջև բողոքի ակցիային:
Նա պնդում է, որ քաղաքապետարանը ոչ մի հստակ փաստաթուղթ չի ներկայացրել, որը կվկայի այն մասին, որ թանգարանը պատկանելու է քաղաքապետարանին, ոչ թե դառնալու է մասնավոր սեփականություն, քանի որ Նոր Նորքում նման նախադեպեր արդեն եղել են:
Ի դեպ, ըստ ակցիային մասնակցող Նոր Նորքի բնակիչների, նրանք ունեն շատ առաջարկներ, թե որտեղ կարելի է կառուցել թանգարանը, քանի որ Նոր Նորքում կան շատ լքված տարածքներ, որտեղ թանգարան կառուցելով նաև շատ համայնքնային խնդիրներ կլուծվեն:
Քաղաքապետարանի առջև այսօր տեղի ունեցած ակցիայի ընթացում քաղաքապետարանին է հանձնվել Նորքի բնակիչների 400 ստորագրություն` պահանջով դադարեցնել կանաչ գոտում թանգարանի կառուցումը և տեղափոխել այլ վայր: