Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մտադիր է անձամբ այցելել Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերը, որոնք մեկնարկում են մեկ ամսից:
MIGNews-ի հաղորդմամբ, Իրանի Օլիմպիական կոմիտեի քարտուղար Բահրամ Ափշար-զադեն հաղորդել է, որ ԻԻՀ նախագահը ծրագրում է Լոնդոն մեկնել հուլիսի 26-ին` բացման արարողությունից մեկ օր առաջ:
Դրա հետ մեկտեղ դեռևս պարզ չէ` արդյոք Ահմադինեժադը մտադիր է այցելել ինքնին արարողությունը, թե պարզապես ուզում է դիտել մրցություններն ու աջակցել իր երկրի մարզիկներին:
Լոնդոնում Օլիմպիադայի ժամանակ Իրանը կներկայացնեն մոտ 50 մարզիկներ, որոնք հանդես կգան տարբեր մարզաձևերում, այդ թվում` ծանրամարտ, թեթև աթլետիկա, ըմբշամարտ, հրաձգություն և սեղանի թենիս:
Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերը տեղի կունենան հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը: