29 հունիսի 2012 - 13:35 AMT
Սամվել Մարտիրոսյան. Հարձակումները լրատվական կայքերի վրա խոչընդոտ են Հայաստանում խոսքի ազատությանը

Ըստ տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի, հաշվի առնելով վերջին կես տարվա վիճակագրությունը, այժմ հաքերային հարձակումները հայկական կայքերի վրա համեմատաբար քիչ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փորձագետը, նշելով, որ մտահոգիչ է, սակայն, այն, որ այժմ ադրբեջանական հարձակումների թիրախ են դարձել հայկական լրատվամիջոցները, ինչը, ըստ Մարտիրոսյանի, լուրջ խոչընդոտ է Հայաստանում խոսքի ազատությանը: «Այժմ հատկապես շատ են տարածվել DDoS հարձակումները, և վարակված համակարգիչներից կեղծ այցելություններ են լինում կայքի վրա և կայքը չի դիմանում ու անհասանելի է դառնում»,-ասաց նա: Ըստ փորձագետի, DDoS հարձակումից պաշտպանվելը բավական թանկ արժե, այնինչ նման հարձակումներ պատվիրելը` շատ մատչելի է, իսկ մեր լրատվամիջոցները այդքան մեծ գումարներ չունեն, կայքերը մշտապես պաշտպանված պահելու համար:

«Հարցը պետք է քննարկել հասարակական շրջանակներում, և որևէ լուծում գտնել, որովհետև այս հարցում մենք ու ադրբեջանցիները հակառակորդներ ենք, իսկ ադրբեջանցիների համար հայկական կայքեր կոտրելը Արցախյան հարցում միակ դրական լուծում ստանալու ճանապարհն է»,-նշեց Սամվել Մարտիրոսյանը: