14 հոկտեմբերի 2004 - 19:01 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ «ՀՈՅՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Այսօր Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հաղորդել են Հայաստանի կառավարության մամլո ծառայությունում, հանդիպման ընթացքում գոհունակությամբ է նշվել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին Հայաստանի միանալու վերաբերյալ ՌԴ կառավարության կայացրած որոշումը: Իր հայ գործընկեր` տնտեսական համագործակցության միջկառվարական հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի պաշտպանության նախարար Ս.Սարգսյանի հետ միասին Ի.Լեւիտինը ներկայացրել է վարչապետին այն հարցերի շրջանակը, որոնք ներառվել են հանձնաժողովի համանախագահների հանդիպման արդյունքների վերաբերյալ արձանագրության մեջ` մասնավորապես Հայաստանի եւ Ռուսաստանի երկարաժամկետ տնտեսական համագործակցության, իրավա-պայմանագրային դաշտի ներկայիս վիճակի վերաբերյալ: Ա.Մարգարյանը անդրադարձել է նաեւ պետպարտքի դիմաց Ռուսաստանին հանձնված ձեռնարկությունների հնարավորինս արագ տեխնիկապես վերազինման հարցերին` նշելով դրանց շուտափույթ վերագործարկման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում խոսվել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հաղորդակցության ուղիների, այդ թվում` ռուս-վրացական սահմանում «Վերին Լարս» սահմանակետի փակման պատճառով առաջացած տնտեսական խնդիրների մասին: Նշենք, որ Հայաստանի կառավարության ղեկավարը բոլոր կուտակված խնդիրների արդյունավետ լուծման հույս է հայտնել: