Հայաստանում առաջին անգամ երաժշտասերները կարող են ունկնդրել Ջակոմո Պուչինիի «Տուրանդոտ» օպերան` համերգային կատարմամբ: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Օպերայի համերգային կատարումը Արամ Խաչատրյան համերգասրահում հնչելու է հուլիսի 3-ին և 6-ին:
Մաեստրոյի խոսքով, նա համերգներով իրականացնելու է իր մանկության երազանքը, ներկայացնելով աշխարհի լավագույն օպերաներից մեկը:
Արքայադուստր Տուրանդոտի դերում հանդես է գալու սոպրանո Սիրանուշ Գասպարյանը, Կալաֆի դերում` հարավկորեացի տենոր Էնրիկո Լին: Ելույթ են ունենալու նաև Պերճ Քարազյանը, Գուրգեն Բավեյանը, Սարգիս Աղամալյանը, ինչպես նաև հայ հեռուստադիտողին հեռուստասերիալներից հայտնի Ռիչարդ Մադլենյանը: Վերջինս լրագրողներին ասաց, որ դա օպերային արվեստ վերադառնալու իր առաջին քայլն է, քանի որ մասնագիտությամբ օպերային երգիչ է:
Կալաֆի դերակատարը, որը մեծ փորձառություն ունի օպերային արվեստում, և բազմիցս կատարել է այդ հերոսին, նշեց, որ համերգային կատարումն ավելի բարդ է, քանի որ չես կարող հագուստներով և շարժումներով կոծկել թերությունները: Տոմսերի գինը տատանվում է 1000-ից 6000 դրամի սահմանում: