4 հուլիսի 2012 - 10:24 AMT
«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնությունը շարունակում է պայքարը

«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել կապված երեկ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբենն Հայրապետյանի մանդատը վայր դնելու մասին հայտարարության հետ կապված` հայտարարելով, որ իրենք շարունակելու են պայքարը: Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է.

«Ռուբեն Հայրապետյանի` նախագահական նստավայր գնալը և դրանից անմիջապես հետո մանդատից հրաժարվելու մասին հայտարարություն անելը հերթական անգամ մտածելու տեղիք է տալիս Հայաստանում որոշումների կայացման մեխանիզմների մասին: Դա նաև փորձ էր կասեցնել Ազգային ժողովում խնդրի շուրջ ակնկալվող լայնածավալ քննարկումները:

Հասարակական ճնշումը չի’ դադարելու: Կան գործի այլ կողմեր ևս: Հաստատված փաստ է, որ ծեծի մասնակիցների թվում են եղել Ռուբեն Հայրապետյանի անձնական թիկնազորի անդամներ: Սա հիմք է ենթադրելու, որ հունիսի 17-ի հանցագործության ժամանակ «Հարսնաքարում» է գտնվել, չի բացառվում` հաշվեհարդարի հրահանգ է տվել հենց ինքը` Ռուբեն Հայրապետյանը:

Պահանջում ենք դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործում Ռուբեն Հայրապետյանին ներգրավել որպես կասկածյալ, քրեական գործում ներգրավել հունիսի 17-ի հանցագործության հետ առնչված բոլոր անձանց, հեռացնել Ռուբեն Հայրապետյանին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից»: