19 հոկտեմբերի 2004 - 19:57 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՏԱԼԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Նախօրեին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը պաշտոնական այցով ժամանել է Իտալիա, որտեղ հանդիպել է իր իտալացի գործընկեր Ֆրանկո Ֆրատինիի հետ: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում, կողմերը քննարկել են երկկողմ եւ միջազգային հարցեր` հաշվի առնելով հայ-իտալական փոխհարաբերությունների զարգացման հեռանկարները տարբեր բնագավառներում: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի տնտեսական զարգացման համար առաջնային համարվող ուղղություններին ու ծրագրերին: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել Հայաստանում իտալական կապիտալի ներկայությունն ապահովելու համար իրավապայմանագրային դաշտն ընդարձակելու առնչությամբ: Իր հերթին իտալական կողմը ողջունել է Հայաստանի հետեւողական քայլերը ժողովրդավարության ամրապնդման բնագավառում: Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարները ԵՄ նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում: ԱԳ նախարարները հանգամանալից կանգ են առել արդի միջազգային քաղաքականության հրատապ հարցերի, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հարցի, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակի վրա: Նույն օրը աշխատանքային ճաշի ընթացքում նախարար Օսկանյանը հանդիպել է Սենատի փոխնախագահ Լամբերտո Դինիի, խորհրդարանի Ստորին պալատի փոխնախագահ Ումբերտո Ռանիերիի եւ փոխարտգործնախարար Մարգերիտա Բոնիվերիի հետ: Երեկոյան Վ. Օսկանյանն այցելել է Վատիկան: Այսօր նախարարը ելույթ կունենա Իտալիայի արտաքին գործերի ինստիտուտի եւ Իտալիայում ՀՀ դեսպանության կողմից համատեղ կազմակերպված «Հարավային Կովկաս. Տարածաշրջանի կայությունն ու անվտանգությունը» թեմայով կլոր սեղանին: