22 հոկտեմբերի 2004 - 00:11 AMT
ՎՐԱՍՏԱՆԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՑՈՒՄԸ ՎՐԱՑ-ՕՍԻԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ
Վրաստանը թույլատրել է երկրի տարածքով դեպի Հայաստան մարդատար ավտոբուսների եւ մի քանի բեռնատարների շարասյան անցումը, որոնք Ռուսաստանից ժամանել էին ռուս-վրացական սահմանի հարավօսիական տեղամասի Ռոքի թունելով: Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ այս ավտոբուսներն ու բեռնատարները կանգնած էին Էրգնեթի գյուղի մոտ: Վրացի պաշտոնատարները մատնանշում էին, որ այդ փոխադրամիջոցները եւ դրանց մեջ գտնվող Հայաստանի քաղաքացիները Վրաստան են ժամանել առանց մաքսային հսկողություն անցնելու, ընդսմին անցնելով Ռոքի թունելով, որը փակված է տեղափոխումների համար: Միեւնույն ժամանակ հայտարարվել էր, որ Վրաստանի իշխանություններն այսուհետ չեն թույլատրի Հարավային Օսիայի տարածքի օգտագործումը որպես տարանցիկ ուղի Ռուսաստանի եւ Հայաստանի կամ այլ երկրների միջեւ: Ինչպես տեղեկացրել են «Ռոսբալթ» գործակալությանը Շիդա Քարթլիի երկրամասի վարչակազմում` Հայաստան ուղեւորվող փոխադրամիջոցները բաց թողնելու որոշումը բարի կամքի քայլ է: Նշենք, որ վաղը Վրաստան է մեկնելու հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա կհանդիպի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն: Ակնկալվում է, որ քննարկման հիմնական թեման Հայաստանի տրանսպորտային շրջափակումն է, քանզի Ռուսաստանի հետ նրան կապում է միայն Վրաստանի տարածքը: Նշենք, որ Հայաստանի քաղաքացիները ստիպված են եղել օգտվել Ռոկի թունելից, քանզի Ռուսաստանը փակել է ռուս-վրացական սահմանին գտվնող «Վերին Լարս» անցագրային վերահսկիչ կետը` ահաբեկչության դեմ պայքարի նպատակով: