22 հոկտեմբերի 2004 - 22:11 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԵՎ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
Նախօրեին Հայաստանի փոխարտգործնախարար Թաթուլ Մարգարյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ մայրցամաքային Եվրոպայի վարչության տնօրեն Ժան-Ֆրանսուա Տերրալին: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունում, կողմերը շոշափել են հայ-ֆրանսիական հարաբերություններին, տարածաշրջանային համագործակցության ու հակամարտությունների կարգավորման հեռանակարներին առնչվող հարցեր, մասնավորապես ղարաբաղյան խնդիրը: Այդ առնչությամբ փոխնախարարը բարձր է գնահատել ֆրանսիական կողմի` որպես տվյալ հակամարտության կարգավորման հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկի դերը: Ինչպես հայտարարել է Թ.Մարգարյանը, Հայաստանը շնորհակալ է Ֆրանսիային ղարաբաղյան խնդրին հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար: Նույն օրը կայացել է փոխնախարարի հանդիպումը Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խորհրդարանական խմբի անդամների հետ: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին, Հայաստանի` Եվրոպական կառույցներին ինտեգրվելու գործընթացին եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Թ.Մարգարյանը շնորհակալություն է հայտնել բրիտանացի խորհրդարանականներին, մասնավորապես, բարոնուհի Քերոլայն Քոքսին` Լեռնային Ղարաբաղի ժողովրդին համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար: