12 հուլիսի 2012 - 13:07 AMT
«Ոսկե ծիրանի» մրցութային ծրագրում ներկայացված է նաև քաղաքական թեմաներ շոշափող ֆրանսիական ֆիլմ

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրում ներկայացվել է ֆրանսիացի ռեժիսոր Պյեռ Շյոլերի «Իշխանավորը» ֆիլմը:

«Առաջին անգամ եմ Երևանում, անցած գիշեր եմ ժամանել և անակնկալի եմ եկել: Նոր քաղաք գալով կարծես երեխա լինեմ, ամեն մի դետալ զարմանալի է ինձ համար: Օրինակ, մեր հյուրանոցի ետևում կա հին շենքի ֆասադ, որը կցվել է ժամանակակից մի շինության: Դա շատ բան է ասում ազգի մասին»,-ասաց ռեժիսորը:

Ֆիլմում բոլորը բեմադրված տեսարաններ են, չնայած թվում է, թե փաստագրական բազմաթիվ կադրեր են օգտագործվել:

Փոթորիկը նույնպես իսկական է, և անսպասելի է պատահել ֆիլմի նկարահանման օրերին:

Տրանսպորտի նախարար Բերտրան Սեն-Ժանին գիշերվա կեսին արթնացնում է անձնական քարտուղարը: Ավտոբուս է ձորն ընկել և նա գնում է դեպքի վայրը: Այսպես սկսվում է պետպաշտոնյայի ոդիսականը ավելի ու ավելի խրթին և անբարյացակամ աշխարհում: Նրան սպասում են պայքար հանուն իշխանության, քաոս, տնտեսական ճգնաժամ: Դեպքերի խելահեղ ընթացքում մի արտակարգ իրավիճակը հաջորդում է մյուսին:

«Ես քաղաքական գործիչ ընկերներ չունեմ, այն պահից սկսած, երբ ֆիլմը նկարահանեցի, ավելի շատ սկսեցի նրանց հետ շփվել:

Խոսել եմ նրանցից մի քանիսի հետ առնչվող մարդկանց հետ: Այն չի մատնանշում է կոնկրետ անձի, պարզ չէ նաև, թե ինչ քաղաքական համակարգ է իշխում երկրում»,-հավելեց Շյոլերը:

Ռեժիսորի խոսքով, այն բնազդի հետ կապված ֆիլմ է: Ֆիլմի սցենարի ստեղծումը համընկավ տնտեսական ճգնաժամի հետ, որն էլ իր ազդեցությունն ունեցավ ֆիլմի ստեղծման վրա:

«Կառավարությունը բուրգ չէ, այն ատոմների նման է. ամեն ինչ փոխկապակցված է»,-եզրափակեց նա: