
«Վահե Ավետյան» նախաձեռնող խմբի անդամ, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով Ոստիկանության Հատկապես կարևոր գործերի քննության բաժնի պետ Արսեն Այվազյանի կողմից օրերս Վահե Ավետյանի մահվան դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ նախաքննության տվյալների հրապարակմանը, ասաց, որ նախաքննությունը հատուկ ուղղորդված է և փորձ է կոծկելու տեղի ունեցածը։
Նրա խոսքով, դրա վառ ապացույցն այն է, որ Ռուբեն Հայրապետյանը որպես վկա հարցաքննվել է ընդամենը մեկ անգամ։
2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի սեփականությունը հանդիսացող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան Վահե Ավետյանը մահացել է գիտակցության չգալով: Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործի, որի շրջանակներում կալանավորվել էր 6 մարդ` այդ թվում նաև Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ: