12 հուլիսի 2012 - 15:44 AMT
Իտալացի քանդակագործները լի են ծրագրերով` ուղղված Արցախի պատմական ու մշակութային արժեքների վերականգմանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հանդիպել է Շուշիում անցկացվելիք քանդակագործության երկրորդ միջազգային սիմպոզիումի նախագահ Վիգեն Ավետիսի և սիմպոզիումին մասնակցելու նպատակով Իտալիայից Երևան ժամանած արվեստագետների հետ։ Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ սիմպոզիումի միջոցով լայն հնարվորություններ կարող են ստեղծվել իտալական քաղաքների ու Երևանի միջև` ամրապնդելու և զարգացնելու մշակութային կապերը:

Սիմպոզիումի նախագահ Վիգեն Ավետիսը, բարձր գնահատելով Երևանի քաղաքապետարանի և, մասնավորապես, քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությունը սիմպոզիումի կազմակերպման հարցում, նշել է, որ իտալացի մասնագետները լի են ծրագրերով և նոր մտահղացումներով` ուղղված Արցախի և Շուշիի պատմական ու մշակութային արժեքների վերականգմանը: Տարոն Մարգարյանն ընդգծել է միջոցառման կարևորությունը և համոզմունք հայտնել, որ սիմպոզիումի շրջանակում Երևան այցելությունը խթան կհանդիսանա հայ և իտալացի արվեստագետների հետագա համագործակցությանը և նոր ու հետաքրքիր ծրագրերի իրականացմանը նաև Երևանում: