15 հուլիսի 2012 - 15:57 AMT
Թրեմսում սպանվել է ընդամենը 2 խաղաղ բնակիչ և 37 գրոհային, հավաստիացնում է Սիրիայի ԱԳՆ-ն

Հուլիսի 12-ին սիրիական Թրեմս քաղաքում անցկացվող հակաահաբեկչական օպերացիայի շրջանակներում զոհվել է ընդամենը 2 խաղաղ բնակիչ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին այսօր Դամասկոսում տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է Սիրիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ջիհադ Մաքդիսին: Ըստ նրա, այդ ընթացքում չեզոքացվել է 37 գրոհային:

Ուրբաթ SANA սիրիական պետական տեղեկատվական գործակալությունը հայտարարել էր, որ Թրեմսայի վրա ահաբեկիչների հարձակման զոհ են դարձել ավելի քան 50 մարդ: Մինչ այդ սիրիական տարբեր ընդդիմադիր խմբակցությունները հավաստիացնում են, որ կառավարական զորքերի կողմից հրաձգության զոհ է դարձել 100-200 խաղաղ բնակիչ:

Սիրիայի ԱԳՆ ներկայացուցիչը կիրակի օրը կտրականապես հերքել է այն պնդումները, որ Թրեմսում օդուժ, տանկեր, հրետանի և ծանր սպառազինություն է կիրառվել:

Ուրբաթ օրը Սիրիայի ՊՆ-ն հայտարարել էր, որ Թրեմսում իրականացված ռազմական օպերացիայի արդյունքում քաղաքացիաան անձինք չեն տուժել, բոլոր սպանվածները գրոհայիններ են եղել: