16 հուլիսի 2012 - 14:01 AMT
Բժիշկ-գինեկոլոգը դրական է համարում ամուսնական թույլատրելի տարիքի փոփոխությունը 18 տարեկանի

Oրենսդրական փոփոխությունը, ըստ որի Հայաստանում ամուսնական թույլատրելի տարիք է սահմանվում 18 տարեկանը, ողջունելի է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց բժիշկ-գինեկոլոգ Լիլիթ Կուջոյանը`հավելելով. «Աղջիկների մոտ ոսկրային կոնքի ձևավորումը ավարտվում է 18 տարեկանում, իսկ մինչև այդ երեխա ունենալը վտանգավոր է աղջիկների առողջության համար, եթե նույնիսկ ծննդաբերության ժամանակ խնդիրներ չեն առաջանում, ապա հետագայում անպայման կնոջ մոտ հորմոնալ խնդիրներ կառաջանան»:

Բժիշկ-գինեկոլոգը նշեց նաև, որ օրենքը դրական է այն առումով, որ բժշկական տեսանկյունից էական տարբերություն կա 17 և 18 տարեկանների միջև. «Մինչև 18 տարեկանը առջիկը դեռևս չի համարվում սեռահասուն, իսկ 18 տարեկան աղջիկը արդեն լիարժեք սեռահասուն է»:

Ըստ գինեկոլոգի` աղջիկների ճիշտ վերարտադրողական տարիքը 20-35 տարեկանն է, իսկ լավագույն վերարտադրողական տարիքը 20-25 տարեկանն է, հատկապես առաջին հղիության համար: