16 հուլիսի 2012 - 14:15 AMT
«Ոսկե ծիրանի» մրցանակակիր «Հայկական ռապսոդիան» կներկայացվի Sheffield Doc/Fest 2013-ում

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի Բրիտանական խորհրդի հատուկ մրցանակակիր «Հայկական ռապսոդիա» ֆիլմը կցուցադրվի Միացյալ Թագավորության Sheffield Doc/Fest 2013 թվականի փառատոնում:

Sheffield Doc/Fest-ը վավերագրական կինոարվեստի ճանաչված փառատոներից է, որ յուրաքանչյուր տարի իր շուրջն է համախմբում վավերագրական կինոյի լավագույն ներկայացուցիչներին` քննարկելու և ներկայացնելու տարվա ընթացքում ստեղծված աշխատանքները: 1994 թվականից ի վեր անցկացվող փառատոնը միայն ֆիլմերի ցուցադրման վայր չէ, այլ կրթական և համագործակցային հնարավորությունների ստեղծման միջազգային հարթակ:

«Հայկական ռապսոդիա» վավերագրական ֆիլմը Բրազիլիան ներկայացնող երեք հայ ռեժիսորների համատեղ աշխատանքն է: Սա Կասիանա Տեր-Հարությունյանի, Սեզար Գանանյանի և Գարի Գանանյանի առաջին լիամետրաժ ֆիլմն է: «Սփյուռքահայ երիտասարդ ռեժիսորներին հաջողվել է արտացոլել Հայաստանն իր հարուստ գունապնակով: Ֆիլմը հարուստ է կերպարներով և նրանցից յուրաքանչյուրը պատմում է իր Հայաստանի մասին` իր գույներով ու բացառիկությամբ»,-ասում է Բրիտանական խորհրդի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը:

Հեղինակներն իրենց ֆիլմը բնորոշել են որպես «ճամփորդական», որի հերոսների պատմությունները միաձուլելով, կերտում են մեկ ընդհանուր` Հայաստանի պատմությունը: «Ոսկե ծիրան» կինոփառատոնին ֆիլմն արժանացել է նաև լավագույն հայկական վավերագրական ֆիլմ մրցանակին: