17 հուլիսի 2012 - 19:27 AMT
Փոխվարչապետը ԱԶԲ-ի փոխնախագահի հետ քննարկել է ջրամատակարարման և քաղաքային կայուն զարգացման ծրագրեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը` փոխնախագահ Քսիաոու Ժաոյի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակի գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը: Այս մասին հաղորդում է տարածքային կառավարման նախարարության լրատվական ծառայությունը:

Փոխվարչապետը ողջունելով հյուրերին` նշեց, որ 2005թ-ին` ԱԶԲ-ին Հայաստանի անդամակցությունից հետո` այս կարճ ժամանակահատվածում, բանկը հասցրել է դառնալ Հայաստանի ամենախոշոր դոնորներից մեկը: Բանկի հետ Հայաստանը համագործակցում է մեր երկրի զարգացման համար էական նշանակություն ունեցող ոլորտներում: Կարևորելով բանկի հետ իրականացվող ծրագրերը` փոխվարչապետը, մասնավորապես, անդրադարձ կատարեց ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման խոշոր ծրագրին, ինչպես նաև ջրամատակարարման և քաղաքային կայուն զարգացման ծրագրերին:

Ա. Գևորգյանը շնորհակալություն հայտնեց փոխնախագահին արդյունավետ համագործակցության համար` ընդգծելով բանկի կառուցողական և բաց դիրքորոշումը ենթակառուցվածքային տարբեր ծրագրերի քննարկման ժամանակ:

Փոխվարչապետը նշեց, որ հաշվի առնելով Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագրի` գործնական փուլին անցումը, նպատակահարմար է ԱԶԲ-ի կողմից ծրագրի իրականացման մասով առավել ներգրավվածություն` մասնավորապես` որոշումներ կայացնելու առավել արագ մեխանիզմների կիրառում:

Հանդիպմանը Ա. Գևորգյանը կարևորեց նաև առաջիկայում բանկի հետ իրականացվող ծրագրերի արդյունքում ձևավորվող ենթակառուցվածքների համար համատեղ ռազմավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրերի մշակումը, տեխնիկական և կառավարչական կարողությունների զարգացումը:

ԱԶԲ-ի փոխնախագահ Քսիաոու Ժաոն վստահություն հայտնեց, որ ՀՀ նոր կառավարությունը հստակ պատկերացում և կարողություններ ունի`իրականացնելու երկրի զարգացման համար անհրաժեշտ ծրագրեր , և հայտնեց ԱԶԲ-ի պատրաստակամությունը` աջակցել ՀՀ-ի համար կարևոր նշանակության ծրագրերի իրականացմանը և նոր ծրագրերի քննարկմանը: Մասնավորապես` նշվեց արդյունաբերությունում և գյուղատնտեսությունում առկա ներուժի մասին: ԱԶԲ փոխնախագահը կարևորեց Հայաստանում ընթացող հարկային վարչարարության բարեփոխումների իրականացումը, ինչն առավել նպաստավոր բիզնես միջավայրի ձևավորման կհանգեցնի:

Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` Տրանշ-3-ի նախապատրաստման աշխատանքներն արագացնելու հարցը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց` ՀՀ-ի և բանկի միջև արագացնել ընթացակարգային գործընթացները:

Անդրադարձ կատարվեց նաև Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանի այլ դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության, ընդլայնման հնարավորություններին: